Tuesday, March 04, 2008

Ինչու էր ժողովուրդը «գազազած»

Եվ այսպես. ինչո՞ւ էին Ֆրանսիական դեսպանատան մոտակայքում, քաղաքապետարանի դիմաց, Գրիգոր Լուսավորիչի փողոցում եւ Մաշտոցի պողոտայում մի խումբ մարդիկ (ըստ ոստիկանության ներկայացրած տեսահոլովակի, այս մարդիկ դժվար թե լինեին ավելի շատ, քան մեկ կամ երկու հարյուրը) այդաստիճան գազազած:

1. Քաղաքական պատճառներ

Նախ, Ազատության հրապարակում եւ նրա մատույցներում միտինգավորների մի մասը անձամբ «համտեսել» էր ոստիկանների «խաղաղ խուզարկությունը»: Իրականում, նրանք ենթարկվել էին դաժան ծեծ ու ջարդի՝ անկախ այն հանգամանքից, թե դիմադրե՞լ էին, թե՞ ոչ: Պարզ է, որ հրահանգված էր ոչ թե խուզարկել, այլ ցրել քնած մարդկանց: Ինչո՞ւ. որովհետեւ օրեցօր ալիքը ոչ թե հանգչում էր, ինչպես ցանկանում է հավաստիացնել պ-ն Քոչարյանը, այլ՝ ընդլայնվում: Մեծանում էր խաղաղ միտինգների մասնակիցների թվաքանակը, այն սկսել էր տարածվել նաեւ Հայաստանի այլ շրջաններ, մասնավորապես՝ Նոյեմբերյանում եւ Վանաձորում: Մարտի 1-ին նախատեսվում էր հզոր հանրահավաք: Սա էր ըստ իս հանրահավաքների ալիքը կանգնացնելու հրահանգի բուն պատճառը: Եվ վերջապես, այնքան էլ կանխորոշված չէր, թե ամենօրյա հանրահավաքների եւ արտաքին ճնշումների ազդեցության տակ ինչպիսի՞ն կլիներ Սահմանադրական Դատարանի որոշումը: Չէ՞ որ պ-ն Գագիկ Հարությունյանը (ՍԴ նախագահ) արդեն իսկ ապացուցել է, որ կարող է եւ 100%-ով չհամաձայնվել ներկա իշխանությունների տեսակետին:

Քաղաքական պատճառներից մեկն էլ Եվրոպական դիտորդների գնահատականն էր: Ինչքան էլ Հայ-լուրով մեզ ինքնագոհ ժպիտով գովեն այդ միջանկյալ եզրակացությունները, այն միանշանակ մեր իշխանությունների դեմ էր, եւ ոչ թե կողմ: Հայլուրով ներկայացնում էին եզրակացության (ի դեպ, որը վերաբերվում էր ոչ թե ընտրության արդյունքներին, այլ ընտրական գործընթացներին) ընդամենը մի քանի «հատընտիր» պարբերություններ, այլ ոչ թե ամբողջ 17-էջանի փաստաթուղթը: Փորձեք ծանոթանալ ամբողջ տեքստին, եւ կտեսնեք, որ այս փաստաթուղթն ավելի շատ պարսավանք էր պարունակում, քան՝ գովասանք: Իսկ նման փաստաթղթի իրական բովանդակությունն աստիճանաբար հայտնի էր դառնում բնակչությանը:

Հաջորդը ՕԵԿ-ի նախագահի դավաճանությունն էր իր իսկ նախընտրական խոսքին եւ գործին: Հազարավոր շարքային ՕԵԿ-ականներ ամենայն հավանականությամբ կհամալրեին Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող մարդկանց շարքերը, որը ժողովրդական ալիքը կարող էր հասցնել ավելի բարձր մակարդակի: Պետք էր ինչ-որ մի կերպ կանխարգելել այս երեւույթը:

Հաջորդը Լեւոն Տեր-Պետրոսյանի վարկանիշի հաստատուն աճն էր: Արդեն իսկ պետական պաշտոնյաները (նախարարություններ եւ այլ գերատեսչություններ) աստիճանաբար անցնում էին Լեւոնի կողմը: Եվ այս պրոցեսին մեծապես նպաստեց խայտառակ ընտրությունները:

Հաջորդը, երեւի թե մարդկանց անհամբերությունն էր, որը աստիճանաբար լրացվում էր ագրեսիվությամբ: Ագրեսիվություն հրահրողն այնքան Լեւոնի ելույթները չէին, որքան համատարած սուտը՝ հեռուստաընկերություններով, տարբեր տեսակի ասուլիսներով, նույն Գեղամյանի ու Արթուր Բաղդասարյանի դեմքը իրենց հեռուստաէկրաններից տեսնելով, նույն Քոչարյանի իբր թե հանգիստ պահվածքով, եւ՝ Սերժ Սարգսյանի «թաքնված« մնալով:

Մեծապես նպաստեց նաեւ Սերժ Սարգսյանի չհաջողված հանրահավաքները եւ վերջնական հանրահավաքը՝ Հանրապետության Հրապարակում: Մարդիկ սա ընդունեցին որպես միջանկյալ հաղթանակ, իսկ իշխանությունները նախապատրաստեցին իրենց հակահարվածը:

Ի վերջո, իշխանությանը պետք էր այս «20-օրյա թայմ-աուտը»՝ իրենց ուժերը մոբիլիզացնելու, նաեւ՝ բնակչության ուղեղները իրենց ապատեղեկատվությամբ «սղոցելու» համար:

2. Մասսայական փսիխոզ/հիպնոզ՝ «համեմված» վախով, ավելորդ ինքնավստահությամբ, ակլոհոլով, դեղերով (հավանաբար՝ խթանիչներ) ու պրովոկատորներով

Վախը բնական է՝ ելնելով նույն օրվա վաղ առավոտյան Օպերայի շրջակայքի եւ «պրոսպեկտի» հայտնի դեպքերով, ներքին զորքերի ներկայությամբ (անկախ այն հանգամանքից, թե ուղղակի կանգնա՞ծ են, թե՞ որեւէ միջոցառում են իրականացնում), ոստիկանների ներկայությունից: Ընդամենը մի պահ նկարագրեմ նույն օրվա ցերեկվա ժամերից (15:00-ի կողմերը), որին անձամբ ականատես եղա Ֆրանսիական դեսպանատան հարեւանությամբ: Լսվեց մի պայթյունանման ձայն, եւ մի քանի հարյուր մարդ սարսափած սկսեց «տեղի տալ» ու «իրար խառնվել», կինս հրում էր ինձ դեպի (չգիտեմ ինչու) դեսպանատան ճաղերը, իսկ ընկերոջս կինը համոզված պնդում էր, որ «գազային հարձակում» սկսվեց: Առաջացավ կարճատեւ խուճապ (паника):

Ավելորդ ինքնավստահությունը՝ պայմանավորված այն թյուր կարծիքով, որ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի դեսպանատան շրջակայքում կարելի է անել ամեն ինչ եւ մնալ անպատիժ՝ ի տարբերություն Օպերային կամ Մատենադարանին հարող տարածքներում: Մեր ժողովուրդը միշտ էլ սիրել է ապրել իր իսկ ստեղծած հեքիաթներով:

Ալկոհոլը նույնիսկ «պետք է՝ ի պետս քաջության». սա կարող է «նապաստակին դարձնել առյուծ» եւ «ծովը դարձնել ծնկերից վար»: Կարող էին խմել ինչպես իրենց նախաձեռնությամբ, այնպես էլ պրովոկատորների «հյուրասիրությամբ» - «արի, ախպերս, խմենք մեր հաղթանակի համար...»: Հեռուստացույցով մի դեռահաս պատմում էր, որ խմել է ինչ-որ քաղցր հեղուկ (չի բացառվում, որ լիներ «Ջին՝ տոնիկով» կամ «Կարմիր Ցուլ» (Red Bull)):

Դեղեր եւ այլն. ցույց տվեցին մի քանի ներարկիչ: Դե որտեղ մի քանի հարյուր մարդ, այնտեղ էլ մեկ-երկու թմրամոլ: Չեմ բացառում, բայց համոզված եմ, որ որակ չի կազմում: Պլան (մարիխուանա) այս վիճակում ոչ մեկին պետք չէր, որովհետեւ այն ավելի շատ «ջարդարարներին» կխաղաղացներ, քան թե կգրգռեր: Հնարավոր են խթանիչների կամ դեղերի «հյուրասիրում», որոնք առաջացնում են «ներքին ուժերի աճ» եւ ագրեսիա կամ մեղմ հալյուցինացիաներ, որ հանկարծ իրար չխառնի «մերոնց» ու «ձերոնց», կամ էլ թող խառնի, ի՞նչ է եղել որ:

Այս նշածներս + մի 50-60 իրենց գործին լավ տիրապետող պրովոկատորները (այդ թվում՝ կանայք) հերիք են, որ «խելքից հանեն» մասսայական հիպնոզը եւ/կամ փսիխոզը խորացնող ելույթները լսող մի 1000-2000 հոգու: Ի միջի այլոց, ինքս ելույթներ չեմ լսել՝ քանի դեռ ես դեպքի վայրում էի (մինչեւ 18:00-ն):

3. Տեղեկատվության բացակայություն՝ «համեմված» բնական կամ արհեստական (դարձյալ պրովոկատորների միջոցով) ապատեղեկատվությամբ

Դարձյալ ցերեկային ժամերին, հավաքվածներից ոչ ոք չգիտեր, թե ի՞նչ է նախատեսվում, ի՞նչ պետք է կատարվի եւ այլն: Մեր դեպքում, մեկ էլ ետեւից մի նիհարոտ երիտասարդ, աչքի տակը կապտած (չեմ էլ հավատում, որ Օպերայի տուժողներից է) ժամանակ առ ժամանակ գոչում էր՝ «ժողովո՛ւրդ, Ձեզ խաբում են, չգնաք Օպերա, էնդեղ Ձեզ կկոտորեն, ստեղ ապահով է»: Իսկ ո՞վ էր ասել՝ գնացեք Օպերա: Կրկնում եմ՝ առկա էր ծանր անորոշություն: Չկար շարժման առաջնորդը, եւ ժողովուրդը մնացել էր «անտեր»:

Համոզված եմ, որ բազմաթիվ բաներ բաց եմ թողնել, դա էլ թողնում եմ Ձեզ…

Posted by Fseon on 03/04 at 03:13 PM
Blogging • (0) մեկնաբանությունPermalink
Էջ 1 / 1