Ձերբակալությունները շարունակվում են
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակից Արմեն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր փոխանցեց, որ Տեր-Պետրոսյանի կողմնակիցների ձերբակալությունները շարունակվում են:
«Երեկ ձերբակալվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի Շենգավիթի նախընտրական շտաբի ակտիվիստ, ՀՀՇ անդամ Յուրա Պողոսյանը, նրա գտնվելու վայրը դեռ հայտնի չէ: Փորձում ենք ճշտել, թե որտեղ է գտնվում: Առավոտյան տեղեկատվություն ստացվեց նաեւ, որ ձերբակալվել են Բուժականի ակտիվիստներից երկուսը, ըստ մեր ունեցած, սակայն, չճշտված տեղեկությունների, նրանք գտնվում են ԱԱԾ մեկուսարանում: Ասում են, նախորդ գիշեր եւ այսօր առավոտյան եղել են ձերբակալություններ եւ խուզարկություններ: Տպավորությունն այնպիսին է, կարծես թե սպասվում են նոր, անօրինական ինտենսիվ ձերբակալություններ», -նշեց Արմեն Խաչատրյանը:
Ըստ նրա, այսօր առավոտյան առանց որեւէ ծանուցագրի ԱԱԾ են կանչել Նոր Հաճնի ենթաշտաբի պետ Մարիետա Պետրոսյանի որդուն, հարցաքննել են` առանց արձանագրություն կազմելու: Իսկ վաղ առավոտյան կանչել են նաեւ Մարիետա Պետրոսյանին, դարձյալ առանց ծանուցագրի:
«Մենք խնդրել ենք, որպեսզի ծանուցագիր ուղարկեն, հանգամանքները պարզեն, թե որպես ինչ են հրավիրում, ամենակարեւորը, որն իրավապահները չեն ուզում անել, փոխարենը` դա որակում են որպես զրույց: Մենք արդեն խիստ հրահանգել ենք մեր ակտիվիստներին, որ բոլոր զրույցներն անցկացնեն սրճարաններում: Եթե կանչում են ԱԱԾ կամ դատախազություն, ապա անպայման թող պահանջեն ծանուցագիրը եւ հստակեցնեն, թե ինչ կարգավիճակով են կանչում զրույցների:
Արմեն Խաչատրյանի փոխանցմամբ, մարտի 1-ից մինչ օրս ձերբակալվել են Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներից 200-ը, որոնցից 85-ն ազատ են արձակվել:
azatutyun.net
Posted by on 03/16 at 03:45 PM
Բողոքի ակցիային հրավիրվում են մասնակցելու ՀՀ բոլոր այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են իրենց բողոքն արտահայտել մարտի 1-ի առավոտյան և երեկոյան իշխանությունների կողմից կազմակերպած բռնությունների և սպանությունների, ինչպես նաև նախընտրական շրջանում սկսված և մինչ օրս շարունակվող քաղաքական հետապնդումների, ձերբակալությունների և դատավարությունների նկատմամբ, ինչպես նաև սգում են մարտի 1-ի իրադարձությունների զոհ դարձած բոլոր անձանց հիշատակը:
Մարտի 21-ին, ուրբաթ օրը, ժամը 17:00-19:00 անցկացվում է բողոքի շարք, որը ձգվելու է Ազատության հրապարակից մինչև Ա.Մյասնիկյանի արձանը` ըստ հետևյալ սխեմայի. Ազատության հրապարակàՀյուսիսային պողոտաàԱբովյան փողոց (Մարկո Պոլոյի և Սիլ Պլազայի դիմացով)àՀանրապետության հրապարակ (Արտ.գործ. նախարարության և Մարիոթ-Արմենիա հյուրանոցի դիմացով)àՎազգեն Սարգսյան փողոց (Դատախազության հակառակ մայթով)àԻտալիայի փողոց (այգիների միջնամասում գտնվող մայթով` ըստ կցված քարտեզի) (տես քարտեզը):
Խնդրվում է խստորեն հետևել հետևյալ կանոններին.
- Մասնակիցները կանգնում են միմիայն ոչ երթևեկելի մասերում` մայթերին, հրապարակների ոչ երթևեկելի հատվածներում, որպեսզի չխաթարվի ավտոտրանսպորտային երթևեկությունը: Մասնակիցները ինքնակազմակերպման սկզբունքով կանգնում են շարքի այն հատվածում, որտեղ կա դրա կարիքը:
- Մասնակիցները կանգնում են միմյանցից մոտավորապես 1 (մեկ) մետր հեռավորության վրա (ձեռքերի բացվածքի չափով):
- Մասնակիցները կանգնում են 1 (մեկ) շարքով` Ազատության հրապարակից մինչև Ա.Մյասնիկյանի արձանը:
* Եթե մասնակիցների թիվը գերազանցում է 1 (մեկ) շարքով կանգնելու համար բավարար մարդկանց թիվը, ապա այդ թիվը գերազանցող մասը նույն սկզբունքով կանգնում է հակառակ մայթին (Աբովյան փողոց, Վազգեն Սարգսյան փողոց, Իտալիայի փողոց), որպեսզի կուտակումներ չլինեն և այս միջոցառումը չդիտվի` որպես զանգվածային:
* Այն հատվածներում, որտեղ հակառակ մայթ չկա, խնդրվում է երկրորդ շարք չձևավորել (Ազատության հրապարակից մինչև Թումանյան փողոց, Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ):
* Կուտակումներից խուսափելու համար, խնդրվում է կանգնել շարքից բավականին հեռու և ցրված, իսկ անհրաժեշտության դեպքում փոխարինել շարքից դուրս եկած մասնակիցներին:
Բողոքի արտահայտման պարագաներ
Բողոքը արտահայտելու համար խորհուրդ է տրվում Ձեզ հետ ունենալ.
- Քաղբանտարկյալներից որևէ մեկի կամ մի քանիսի նկարները (անուն ազգանուններով) և այն տեսանելի ձևով պահել Ձեր ձեռքերում կամ փակցնել Ձեր մեջքին: Հնարավորության դեպքում տպագրեք մի քանի քաղբանտարկյալի նկարներ և փոխանցեք դրանք Ձեր հարևանությամբ գտնվող մասնակիցներին: Որոշ նկարներ կարող եք բեռնաթափել (download) http://marti21.blogspot.com վեբ-կայքից:
- Սև ժապավեն, որը կարող եք կապել Ձեր բազուկներին` ի հիշատակ մարտիմեկյան դեպքերի զոհերի:
- Մոմեր, որոնք կարող եք տեղադրել բաժակների մեջ (որպեսզի քամուց չհանգչեն)` ի հիշատակ մարտիմեկյան դեպքերի զոհերի:
- Պարզապես կրել սև հագուստ` ի հիշատակ մարտիմեկյան դեպքերի զոհերի:
- Կպչուն ժապավեն, որով կփակեք Ձեր բերանը` ի բողոք մամուլի նկատմամբ կիրառվող սահմանափակումների:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Խնդրվում է ցուցաբերել խիստ կարգահություն, չգնալ որևէ սադրանքի, ուժի գործադրման վտանգի դեպքում հեռանալ շարքի վայրից (վերադառնալ վտանգը անցնելու պարագայում), ոստիկանների, անցորդների, լրագրողների և այլ անձանց հարցերին պատասխանել առանց վիրավորանքների և հանգիստ տոնով:
Հարցերի և առաջարկությունների համար կարող եք դիմել էլ-հասցեով:
Posted by
Marti 21 on 03/17 at 01:44 PM