Thursday, March 06, 2008

Եվրամիությունը դատապարտում է բռնությունը…

Եվրամիությունը դատապարտում է բռնությունը, առաջարկում անկախ հետաքննություն անցկացնել եւ սկսել երկխոսություն

EU-flag«Եվրամիությունը խորապես մտահոգված է նախագահական ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետությունում տիրող իրավիճակով: Եվրամիությունը դատապարտում է մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում գործադրված բռնության ակտերը, որոնց հետեւանքով եղան զոհեր եւ բազմաթիվ վիրավորներ», - ասված է Եվրամիության նախագահության երեկվա հայտարարությունում:

Հայտարարությունում, որը տեղադրված է Եվրամիության նախագահության պաշտոնական կայքէջում, Հայաստանի իշխանություններին կոչ է արվում «ազատ արձակել բոլոր քաղաքացիներին, ովքեր ձերբակալվել են խաղաղ հավաքների իրենց իրավունքը իրականացնելու համար, եւ վերացնել արտակարգ դրությունը, որով սահմանափակումներ են մտցվել մամուլի ազատության, հավաքների ազատության եւ քաղաքական կուսակցությունների նկատմամբ»:

Եվրամիությունը Հայաստանին առաջարկում է մարտի 1-ի իրադարձությունների եւ դրանց հանգեցրած հանգամանքների անկախ հետաքննություն իրականացնել:

«Եվրամիությունը հորդորում է բոլոր քաղաքական ուժերին ձեռնպահ մնալ անօրինական գործողություններից եւ վերստին ներգրավվել քաղաքական երկխոսության մեջ, քանի որ դա է միակ ճանապարհը դեպի առաջ: Կառուցողական երկխոսությունը իշխանությունների եւ ընդդիմության միջեւ շատ կարեւոր է երկրում խաղաղության եւ կայունության ամրապնդման համար», - ասված է Եվրամիության նախագահության հայտարարությունում:

Աղբյուր

Posted by Fseon on 03/06 at 08:38 AM
Blogging • (0) մեկնաբանությունPermalink
Էջ 1 / 1