Sunday, March 02, 2008

Ողբերգություն՝ գարնան առաջին օրը

Երեկ վաղ առավոտյան ժամերից սկսած (06:00-ից սկսած) մինչեւ ուշ գիշեր մի ճնշող մթնոլորտ էր տիրում Երեւանում: Նախագահ Քոչարյանի եւ ոստիկանապետ Հարությունյանի թեթեւ ձեռքով Երեւանը վերծվել էր Սումգաիթի: Իրավիճակը համարյա թե նույնն էր՝ փոխվել էին դերակատարները: Պատժողի դերում՝ հայն էր, զոհի դերում՝ դարձյալ հայը: Պատժում էին հայ ոստիկանները, ավելի ուշ նաեւ՝ հայ «սպեցնազը» եւ հայ բանակը: Պատժվողի դերում՝ դարձյալ հայը՝ ըմբոստացած եւ իշխանությունների կամակատարություններից զզված մարդիկ (չգիտեմ էլ, թե, ասենք, մի 100-200 հազար մարդկանց ի՞նչ անվանես՝ ինչպես իշխանական լրատվամիջոցներն են անվանում՝ մարդկանց խո՞ւմբ, կամ՝ զանգվածնե՞ր, թե՞ ինչ): Ըստ իս, այս 100-200 հազար մարդիկ ներկայացնում էին ե՛ւ իրեննք իրենց, ե՛վ իրենց ընտանիքների որոշ (եթե ոչ բոլոր անդամներին), նաեւ՝ ընկերներին, մտերիմներին: Իմ օրինակով ասեմ, որ երբ ես մասնակցում էի Լեւոնի միտինգներին, ես ներկայացնում էի առնվազն 6-7 ընկերներիս, մորս, երբեմն նաեւ՝ կնոջս (եթե վերջինս չէր կարողանում անձամբ գալ):

Մարտի 1-ին տեղի ունեցավ այն, ինչ, ըստ մեր կարճատես իշխանությունների, պետք է ամրապնդեր Սերժ Սարգսյանի արհեստական հաղթանակը փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին: Չգիտեմ՝ Սերժն ինքը գիտե՞ր, թե ոչ, սակայն ե՛ւ Քոչարյանը, ե՛ւ ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչները, ե՛ւ թեկնածուների վստահված անձինք, ե՛ւ մեր ազգի գերիշխող մեծամասնությունը, ե՛ւ տեղային եւ միջազգային դիտորդները համոզված էին, որ ընտրությունները, որպես այդպիսին, տեղի չեն ունեցել, կամ էլ՝ տեղի են ունեցել, սակայն այնչափ խախտումներով, որ չեն կարող արտացոլել թեկնածուների իրական չափաբաժինները: 

Ասում են, Սերժ Սարգսյանը «պլանավորել էր» 2-փուլանի հաղթանակ, որին Քոչարյանը հակադրեց իր «ընկերոջ» մեկ փուլով հաղթանակը: Վարկած է, սակայն բավականին խելքին մոտ: Քոչարյանը հասավ այն բանին, որ Սերժի նախագահ դառնալ-չդառնալու հարցը մնաց իր որոշելու խնդիրը: Կուզեր, Քոչարյանը չէր «սեղմի» ուժայիններին, եւ լեւոնենց օր-օրի աճող ժողովրդական բողոքի ալիքի եւ միջազգային ուժերի ճնշման տակ Սահմանադրական Դատարանը ստիպված կլիներ կասկածի տակ դնել ընտրությունների արդյունքները: Ստացվեց այնպես, որ Քոչարյանը ստիպեց Սերժին՝ «չմոռանալ իրեն»: Չե՞ որ ըստ այս վարկածի, իրականում, Քոչարյանը «օծեց» Սերժի «թագը»:

Սակայն Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, չնայած այս հակասությանը, ունեին նաեւ բնական մի ընդհանուր նպատակ. Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրվելու դեպքում երկուսն էլ կհայտնվեին ճաղերից այն կողմ: Եվ այս ընդհանուր ու մեծ նպատակը թողած, Քոչարյանը, ըստ իս, այնունամենայնիվ գնաց նաեւ Սերժին «իր ազդեցության ոլորտից բաց չթողնելու» վերեւի պարբերությունում համառոտ ներկայացված տարբերակին. Սերժ Սարգսյանն «ընտրվում է» նախագահ, սակայն այդ հաղթանակի գործում նաեւ հասկանում է, որ հենց Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ ինքը դարձավ նախագահ:

Կարծում եմ, անիմաստ է այլեւս քննարկել Սերժի՝ նախագահ «ընտրվելու» լեգիտիմության հարցը: Նա այնքանվով է լեգիտիմ նախագահ, որքան ընդդիմադիր էին Լեւոնից բացի մյուս «ընդդիմադիրները»՝ սկսած «էժանագին» Արամ Հարությունյանից ու Արտաշես Գեղամյանից մինչեւ «թանկարժեք» Արթուր Բաղդասարյանը: Եվ նույն Սերժ Սարգսյանի դժբախտության պատճառը այն է, որ ինքը այս «ոչ լեգիտիմության» շունչը զգալու է ամեն վայրկյան՝ թե «իր» ժողովրդի հետ շփվելուց եւ թե միջազգային հանդիպումներում եւ պարտադրված փաստաթղթերում:

Մի բանը հաստատ է՝ ստի ու բռնության միջոցով եւ Քոչարյաին կողմից նախագահ «օծված» Սերժ Սարգսյանը երկար չի դիմանա: Խոսքս ոչ թե տարիների, այլ ամիսների խնդիր է:

Այժմ՝ մի քանի խոսք մարտի 1-ի ողբերգության մասին: Խոսքս հավասարապես ուղղված է ե՛ւ իմ համերկրացիներին, ե՛ւ սփյուռքահայությանը:

Նախ՝ մի՛ հավատացեք պաշտոնական լրատվությանը: Այն սուտ էր՝ ինչպես մինչեւ հիմա, այնպես էլ այս օրերին: Եթե 100 հազարից ավելի մասնակից ունեցող հանրահավաքը ոստիկանության լրատվական ծառայությունը հաղորդում է որպես մի հանրահավաք, որին մասնակցել են 6500 մարդ, էլ ինչի՞ մասին է խոսքը: Եթե նրանք ձերբակալում են անկապ դեմքերի, սակայն մոռանում են բորոր այն ընտրակեղծարարներին, որոնք գործել են նույն ոստիկանների, թաղային քերածին հեղինակությունների եւ պատգամավորների ոչ թե ներկայությամբ, այլ՝ ակտիվ օժանդակությամբ, արժե՞ հավատալ այլ խոսքերի, որոնք հորջոջվում են Քոչարյան-Սերժի եւ նրանց մանկլավիկների, այդ թվում՝ բոլոր հեռուստալրատվամիջոցների (բացառությամբ՝ Երկիր Մեդիայի, որն ունի իր հստակ՝ ՀՅԴ-ական գիծը) կողմից: Եթե պատգամավոր եւ լրագրող են ծեծվում, եւ այդ ծեծուջարդ կազմակերպողները Ազգային Ժողովում «քննարկում են» արտակարգ դրություն մտցնելու հարցը, արժե՞ արդյոք ընդհանրապես լսել նման տեղեկատվություն: Ավելի լավ է՝ զանգահարեք Ձեր երեւանցի ընկեր-բարեկամներին եւ նրանցից իմացեք իրականությունը: Դուք մոտակա օրերին զրկվեցիք նաեւ ինտերնետային լրատվամիջոցներից: Ոչինչ, համոզված եմ մի քանի օրից Քոչարյանը ստիպված է լինելու հանել իր իսկ մտցրած արտակարգ դրությունը:

Ի՞նչ իրականում տեղի ունեցավ մարտի 1-ին: Այն, որ իշխանության նյարդերը տեղի տվեցին: Ես տարբեր առիթներով ընկերներիս հետ կիսվելուց ասել եմ ու էլի կասեմ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է բանտերը լցնել իր համակիրներով՝ հասնելու իր նպատակին: Սա, ի միջի այլոց, վատ իմաստով չեմ ասում: Ու ձերբակալվածներն էլ գիտեն, թե ինչու են դատապարտվում ժամանակավոր անազատության: Սա մեծ շախմատ է՝ խելացի զոհաբերություններով: Կարեւորն այն է, որ ձերբակալվածներն իրենք հպարտ են եւ հասկանում են, որ իրենց ձերբակալությունը անհրաժեշտ քայլ է՝ ընդհանուր գործին նպաստելու գործում: Ահա թե ինչու, իշխանությունների կողմից վերջին մի քանի օրերին (մինեչ մարտի 1-ը եւ դրանից հետո) գրանցված եւ գրանցվող ձերբակալություններին Լեւոնը կարող է շատ հանգիստ վերաբերվել. չէ՞ որ այս ձերբակալությունները մտնում էին նրա ծրագրում:

Սակայն, իշխանությունները գտնվեցին ավելի հիմար, քան իրականում էր: Նրանք սկսեց պատժել նրանց, ովքեր իրենց նախագահ տեսնում էին Լեւոն Տեր-Պետրոսյանին: Այսինքն՝ կուլ տվեցին Լեւնի խայծը, մոռանալով, որ նման ձերբակալությունները եւ ուժ կիրառելը ի վերջո վնասելու է հենց իրենց:

Քավ լիցի, իմ ասելն այն չէ բնավ, որ Լեւոնը ցանկանում էր մարտի 1-ի բռնությունները, զորքի խառնվելը եւ մարդկային զոհերը: Տակավին՝ ոչ: Նա գիտեր, որ կլինեն բռնություններ եւ ձերբակալություններ, սակայն այն, որ իշխանություններն այսաստիճան «կեղտոտ խաղեր» կտան, այն էլ՝ իրենց մեկուսացնելու պայմաններում, հաստատ չէր հաշվարկել:

Ասում են՝ ինչո՞ւ Լեւոնը չհրաժարվեց իր անվտանգությունից ու չգնաց դեպի իրենց սպասող ժողովուրդը: Կարող են մեղադրել, եւ համոզված եմ, որ իշխանությունները շուտով այս հարցը կդարձնեն օրակարգային: Համաձայնվեք, որ իր քաղաքացիների վրա զորք բերողը նույն հաջողությամբ կարող էր ֆիզիկապես վերացնել Լեւոնին՝ ժողովրդի մեջ ներմուծած իր պրովոկատորների ձեռքով: Իսկ որ պրովոտակտորներ կային, այն էլ՝ մեծ քանակով, կարող եմ հաստատել ինքս, որպես մարտի 1-ին Ֆրանսիական դեսպանատան շրջակայքում գտնվող (2 անգամ՝ 14:00-17:00-ին եի 19:00-20:00-ին) անձանցից մեկը: Լեւոնը լավ է հասկանում, որ իրեն ֆիզիկական վերացնելը մեծապես կվնասեր իր իսկ կողմից նախաձեռնված շարժմանը, եւ ոչ թե վախենում էր այդ փաստից: Վախեցողը դեռեւս ամիսներ առաջ չէր ընթերցի «Մահվան տեսիլը» եւ չէր ասի՝ «Ինձնից բացի թող ոչ մի զոհ չպահանջվի»:

Այսպիսով, ի՞նչ տեղի ունեցավ: Իշխանությունները «ցրեցին» Ազատության (եւ ոչ թե Թատերական) հրապարակում քնած մարդկանց: Պատկերացնո՞ւմ եք՝ առավոտյան ժամը 6-ին, ստանալով «օպերատիվ տեղեկատվություն»՝ եկել էին խուզարկության: Այստեղ են ասում՝ ախմախնե՛ր, իսկ ոչ մի օպերատի տեղեկատվություն չէիք ստացե՞լ ընտրատարածքների մեծ մասում ընթացած բռնություններից եւ կեղծիքներից, թեկուզ՝ Ձեր իսկ միլպետերի միջոցով: Գալիս են առավոտ վաղ 6-ին՝ երբ մարդիկ արդեն հոգնած են, մի մասը՝ հեռացած տուն (որպեսզի իրենց կարգի բերեն եւ վերադառնան Հրապարակ): Նկարել են ինչ-որ կադրեր, դե թող նկարահանեին այն պահը, թե ինչպես են գալիս ասում, ենթադրենք՝ «բարեւ ձեզ, հայ տղերք, եւ կներեք, սակայն մենք եկել ենք որոշ բաներ ճշտելու», հետո էլ «կոխեին» աչքներս, թե՝ տեսե՞ք, թե ինչպես մեզ դիմավորեցին:

Սա գալ չէր, այլ՝ հարձակում: Հարձակում անպաշտպան մարդկանց վրա: Հարձակում եւ ծեծ ու ջարդ: Հարձակում՝ ինչպես վայրագները, «азверин» խմածները: Ահա այն բոցը, որը էլ ավելի ուժեղացրեց մարդկանց զզվանքն իրենց իսկ իշխանություններից: Բոց, որի մասին իբր թե բացատրություն էր տալիս արտաքին գործոց նախարարը (նման այն բանին, որ, ասենք, Զիմբաբվեում բացված Հայաստանի դեսպանության մասին հանդես գա ոստիկանապետ Հայկ Հարությունյանը):

Մարդիկ փախան Ֆրանսիական դեսպանատան մերձակայքը: Նրանց քանակն այնտեղ ժամ-ժամի շատանում էր: Սա հաստատ Քոչարյանը եւ ոստիկանությունը չէին կանխատեսել (իսկ որ պետք է հանրահավաքը տեղափոխվեր այնտեղ, բնականաբար, պլանավորված էր Լեւն Տեր-Պետրոսյանի կողմից): Եվ այստեղ Քոչարյանը գործեց հերթական սադրանքը՝ գրգռված մարդկանց շարքերը հեղեղելով իրենց իսկ պրովոկատորներով: Իսկ որ պրովոկատորներ կային, ու նրանք շատ-շատ են, կարող են ինձ հաստատել բոլոր նրանք, ովքեր «սթափ» հայացքով «զննում էին» շուրջբոլորը՝ տեղ-տեղ հավաքված խմբերին, այդ մարդկանց խոսակցություններին եւ հայացքներին: Եթե կուզեք իմանալ, ես ֆրանսիական դեսպանատան տարածք ժամանել էի ընկերոջս հետ (մեր կանանցով), եւ հենց այդ «պրովոկատորական մթնոլորտն» էր հիմնական պատճառը, որ մենք ստիպված լքեցինք այդ վայրը: Լքեցինք՝ հաստատ համոզված լինելով, որ նույն պրովոկատորների «շնորհիվ» մարդկանց բազմությունը շուտով հայտնվելու է փակուղու առջեւ: Ժողովուրդը պահանջում էր Լեւոնի ներկայությունը, սակայն Լեւոնը ինքը լավ գիտեր, որ գալով եւ նահատակվելով նույն այդ հրապարակում, ոչ թե հերոսություն կանի, այլ՝ հիմարություն, քաղաքական հիմարություն: Սա այն նահատակումը չէր լինի, որը որեւէ արդյունք կտար: Նա դեռ պետք է: Ու շատ-շատ է պետք: Ոչ թե՝ պրովոկատորներին, այլ՝ ժողովրդին:

Եվ սկսեց «մսաղացը», արդեն ոչ միայն ոստիկանների, այլ նաեւ՝ զորքի մասնակցությամբ: Չեմ ասում, որ մարդկանց շարքերում չկային գերգրգռված երկրապահներ: Եթե նրանք գերգրգռված էին, ապա դարձյալ իշխանություններն էին մեղավոր: Լեւոնը երբեւէ չի ասել, որ պետք է մարդկանց գլուխներ ջարդվեն: Ընդհակառակը, նա ասում էր՝ մենք պետք է այն աստիճան խաղաղ գործենք, որ որեւէ կասկածի նշույլ անգամ չթողնենք: Եվ ի հակադրություն նույն Լեւոնի այս խաղաղ կոչերին, երկարպահները տեսան ուժ եւ բռնություն, ծեծ ու ջարդ: Եվ դժվար, թե նրանք մնային սառը դատող մարդիկ, առավել եւս՝ իրենց առաջնորդի «զսպող» ներկայությունից դուրս…

Ամփոփեմ. իշխանություններն արին այն, ինչին ունակ էին: Նրանք իբր թե իրենց ապահովագրեցին այսօր (նույն կիրակի օրը, երբ պետք է տեղի ունենար ԵՄ ազդեցիկ պաշտոնյաների այցը Հայաստան, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանենք էլ պատրաստվում էին այդ այցին՝ հզոր հանրահավաքով) կարծեցյալ խաղաղ եւ անվրդով փողոցներ: Սակայն նրանք մի՞թե այդչափ թուլամիտ են, որ չեն հասկանում, որ փողոցների նախորդ օրերի ակտիվությունը արդեն իսկ տեղափոխվեց մարդկանց ուղեղներ: Եվ ինչքա՞ն պետք է ուժով պահպանեն նման խաղաղությունը: Եւ ի՞նչ պատաասխան պիտի տան հայաստանաբնակ շարքային ղարաբաղցիներին, որոնց իրենց հարեւաններն այլեւս «այլ» հայացքով են նայելու: Մի՞թե սա է կոչվում իշխանություն:

Վերջում՝ ցավակցում եմ բոլոր զոհերի ընտանիքներին եւ վիրավորներին մաղթում՝ շուտափույթ վերականգնել իրենց առողջությունը:

Posted by Fseon on 03/02 at 10:38 AM
Blogging • (4) մեկնաբանությունPermalink
Էջ 1 / 1