Friday, March 07, 2008
«Ժառանգությունը» չի նահանջելու
«Ժառանգություն» խմբակցությունը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցությունը Երեւանում հայտարարված արտակարգ դրության հրամանագրի օրինականությունը վիճարկելու նպատակով պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Խմբակցության դիմումը պատրաստվում է եւ առաջիկա օրերին կուղարկվի Ստրասբուրգ:
«Կարող ենք այսպես հիմնավորել, որ մեր ներպետական մեխանիզմները արդյունավետ չեն, եւ այս ճանապարհով ավելի արդյունավետ պայքար կլինի այս հրամանագրի դեմ, քան այն ժամանակ, եթե մենք ինչ-որ մի նախագիծ ներկայացնեինք [Ազգային ժողով]: Միեւնույն է, այդ նախագիծը Ազգային ժողովում չէր անցնելու», - լրագրողներին այսօր ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Ըստ պատգամավորի, ոչ միայն Հանրապետության նախագահի հրամանագիրն է անօրինական, այլեւ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում իրավապահ մարմինների իրականացրած «զննությունը»:
«Քրեական դատավարության մեջ զննություն, խուզարկություն եւ այլն դատավարական գործողություններ են, որոնք տեղի են ունենում որոշման հիման վրա, եւ որոշումը նախապես այդտեղ գտնվող անձանց պետք է իրազեկեին, տեղյակ պահեին», - պարզաբանեց Փոստանջյանը: - «Կարծում եմ, եթե տվյալ պահին այդ գործընթացները ղեկավարվում էին Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից, գոնե իրեն, գոնե հրապարակավ, գոնե բարձրախոսի միջոցով պետք է ասվեր, որ պատրաստվում է իրականացվել նման գործընթաց, ինչը այդ պահին տեղի չի ունեցել»:
«Ոստիկանության աշխատակիցները, առանց որեւիցե արձանագրություն կազմելու, առանց ընթերակաների, առանց համապատասխան ձեռնոցների եւ այլն, ձեռք են տալիս այդտեղ գտնվող զենք, զինամթերքին», - շարունակեց պատգամավորը: - «Լրագրողներին արգելել են Ազատություն հրապարակում նկարահանումներ կատարել: Հարձակումներ են եղել լրագրողների վրա»:
azatutyun.net
