Friday, March 14, 2008

Թոմաս Համմարբերգն անկեղծանում է

Թոմաս Համմարբերգ. - «Հայաստանում այսօր լուրջ խնդիրներ կան»:

«Հայաստանում այսօր լուրջ խնդիրներ կան. հասարակությունը երկփեղկված է, կա բեւեռացում, մի շարք մարդիկ ձերբակալված են եւ դատվելու են: Բնականաբար, դրա արդյունքում կան մտահոգություններ` կապված մարդու իրավունքների պաշտպանության հետ», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համմարբերգը:

«Ակնհայտ է, որ այս ամենի մեջ կա քաղաքական ենթատեքստ: Քաղաքական գործիչների եւ, մասնավորապես, Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ես ասել եմ, որ անհրաժեշտ է սահմանափակել ձերբակալությունները: Դատական հետապնդումները պետք է իրականացվեն միայն այն դեպքերում, երբ կան բռնարարքների եւ հանցագործությունների իրական ապացույցներ, այլապես կստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ համատարած կասկածներ կլինեն, որ մարդիկ ձերբակալվել են իրենց գաղափարների համար», - ասաց եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան:

Նշելով, որ հանդիպել է ձերբակալվածների հետ` Թոմաս Համմարբերգը ասաց. - «Ձերբակալվածներից ոմանք ծեծի են ենթարկվել, ինչը, իհարկե, անընդունելի է: Ոմանք ասում են, թե իրենք ամբողջությամբ անմեղ են եւ ընդամենը արտահայտել են իրենց կարծիքները: Իմ փաստարկն այն էր, որ այսպիսի իրավիճակում անհրաժեշտ է ապահովել արդարացի գործընթաց, եւ որ արդարադատության հիմնարար սկզբունքները պետք է հարգվեն»:

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը զերծ մնաց ձերբակալություններին քաղաքական գնահատական տալուց: Նշեց միայն, որ աստիճանաբար, «քայլ առ քայլ թուլացվում է արտակարգ իրադրության ռեժիմը»:

«Ես Հայաստանի նախագահին եւ վարչապետին ասացի, որ այդ փոփոխությունները բավարար չեն: Կարծում եմ, անհրաժեշտ է կայացնել գրաքննությունը վերացնելու որոշում», - այդուհանդերձ, հավելեց նա:

Հարցին, թե ով է պատասխանատու մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների համար, Համմարբերգը արձագանքեց. - «Կարծում եմ, որ անհրաժեշտություն կա իրականացնել անկախ, պրոֆեսիոնալ եւ անկողմնակալ հետաքննություն, որը կպարզի մարտի 1-ի առավոտյան, կեսօրի եւ երեկոյան իրադարձությունների, այդ թվում նաեւ սպանությունների իրական հանգամանքները»: 

Posted by Fseon on 03/14 at 10:12 PM
Blogging • (0) մեկնաբանությունPermalink
Էջ 1 / 1