Wednesday, March 05, 2008
Հայաստանը շեղվում է ԵԱՀԿ պարտավորություններից
«Անկախ լրատվական լուսաբանման արգելումը դեմ է ԵԱՀԿ պարտավորություններին»,- ասում է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը:
ՎԻԵՆՆԱ, 4 մարտի 2008թ.
ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Հարաստին այսօր կոչ է արել Հայաստանի իշխանություններին հանել անկախ լրատվական լուսաբանման սահմանափակումները, որոնք մտցվել էին մարտի 1-ից, երբ երկրում հայտարարվեց արտակարգ իրավիճակ:
«Արտակարգ իրավիճակը չպետք է օգտագործվի պետության կողմից` հանրությանը տարբեր աղբյուրներից նորություններ ստանալու իրավունքից զրկելուհամար: Բազմակարծիք լրատվությունը օգնում է ապահովել իշխանությունների գործողությունների թափանցիկությունը նույնիսկ ծանր ժամանակներում»,- ասաց Հարաստին:
Նա հղում արեց մարտի 1-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Հայաստանում արտակարգ իրավիճակը մտցնելու մասին որոշմանը, որի համաձայն` ներքաղաքական լուսաբանման ժամանակ լրատվամիջոցները կարող են օգտվել միայն պատշոնական աղբյուրներից: Արդյունքում հանրությանը ներկայացվում է միայն միակողմանի լրատվություն:
Ոչ պետական լրատվամիջոցները սահմանափակված են հեռարձակելու միայն պաշտոնական նորություններ եւ ծրագրեր: Փակվել են մի քանի անկախ եւ ընդդիմադիր վեբ կայքեր, իսկ արտասահմանյան ԶԼՄ-ների ռադիոյով եւ հեռուստատեսությամբ հեռարձակումը սահմանափակված է:
Որպես բողոք առկա սահմանափակման դեմ` որոշ հիմնական հայկական թերթեր այսօր լույս չեն տեսել:
«Չնայած չարտոնված ցույցերի ալիքին եւ նույնիսկ բռնության` իրավիճակի անկախ լուսաբանումը ԶԼՄ-ների օրինավոր իրավունքն է, որին Հայաստանը պարտավորվել է հետեւել որպես ԵԱՀԿ անդամ»,- ասաց Հարաստին:
«Բռնության հրահրման կանխմանն ուղղված առկա իրավական դաշտը պետք է բավարար լինի խոսքի ազատության իրավունքի որեւէ հնարավոր չարաշահմանը հակազդելու համար եւ չպետք է փոխարինվի կանխարգելիչ գրաքննությամբ»:
