Friday, March 07, 2008

Վանաձորում՝ արտակարգ դրությո՞ւն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը երեկ տարածել է հայտարարություն:

Հայտարարությունում մասնավորապես նշված է.

«Երևանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո ոչ մայրաքաղաքային տարածաշրջանների բնակիչները հայտվել են տեղեկատվական շրջափակման մեջ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, հաշվի առնելով ստեղծված պայմանները, փորձեց ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և ՀՀ միջազգային պարտավորությունների շրջանակներում գոյություն ունեցող իրավական մեխանիզմներով իրականացնել իր իրավունքները: Վանաձորցիներին տեղեկատվություն տրամադրելու նպատակով կազմակերպությունը որոշեց հանրահավաք կազմակերպել Վանաձորում՝ ՀՀ «ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացման մասին» ՀՀ օրենքին համապատասխան: 2008թ. մարտի 3-ին կազմակերպությունը գրությամբ դիմեց Վանաձորի քաղաքապետին 2008թ. մարտի 6-8-ը իրազեկման հանրահավաքների կազմակերպումը թույլատրելու համար: Քաղաքապետարանը, սակայն, մերժեց՝ պատճառաբանելով, որ հանրահավաքները կարող են վտանգ սպառնալ մասնակիցների կյանքին և առողջությանը: Այնուհետև կազմակերպությունը փորձեց տպագրել «Քաղաքացիական նախաձեռնություն» շաբաթաթերթի հատուկ համարը: Նախապատրաստվեցին համապատասխան հոդվածները, սակայն այս անգամ էլ Լոռու մարզպետարանից տպարանի տնօրենին ուղղակիորեն հրահանգեցին չտպագրել մեր թերթը: Այսպիսով, արտակարգ դրության ռեժիմի պայմաններում վարչական ռեսուրսների կիրառմամբ, տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ ճնշումներով տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինները խախտում են մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները նաև այլ բնակավայրերում: Այս պայմաններում փաստորեն մեզ ստիպում են գործել իրավական դաշտից դուրս, որպեսզի այնուհետև պատասխանատվության ենթարկեն չգրված օրենքները խախտելու համար»

payqar.net

Posted by Fseon on 03/07 at 08:29 PM
Blogging • (6) մեկնաբանությունPermalink
Էջ 1 / 1