Tuesday, March 04, 2008
Մենք էլ ենք հինգ, դուք էլ եք երկու…
...կամ Ինչ զանգված է կանգնած շարժման դեմ
Գտնվելով Հայաստանից հեռու, արդեն երկու օր է միանգամայն հասկանալի պատճառներով ունեմ խիստ սահմանափակ տեղեկատվություն: Ինտերնետային ոչ մի լրատվական չի աշխատում, Ազատություն ռադիոկայանը չի աշխատում, Հանրային հեռուստատեսությունն էլ ինչպես միշտ ` 86 թվականի «Պրավդան» ու «Իզվեստիան» ազատ խոսքի կոթողներ էին սրա համեմատությամբ: Ցույց են տալիս «երևանցիների», որոնք մարտի 1-2 դեպքերի հետևում տեսնում են «քոռ շանը», «թուրքից բեթարին»: Թե ինչպե՞ս է ստացվում, որ Հայլուրի նկարահանող խմբին հանդիպում է միայն «արմատական ընդդիմությունից» դժգոհ մասսա, ինձ համար պարզ է: Բայց ես կուզեի նաև գոնե մոտավոր պատկերացում ունենալ. ի՞նչ քանակությամբ ընտրազանգված ունի Սերժ Սարգսյանը, ու ինչի՞ են նրանք պատրաստ:
Արդեն հայտնի է թե ինչ զանգված է պաշտպանում մերօրյա շարժմանը. Հանրահավաքներում հիմնականում երիտասարդություն էր կանգնած, երթերին մասնակցում էր հիմնականում երիտասարդությունը: Ընտրական կեղծիքներով ֆիքսված ընտրազանգվածը` 350 հազար մարդ: Այս թիվը անշուշտ մեծ է, ինչը ապացուցեցին հանձնաժողովների անդամները` մեկը Տեր-Պետրոսյանի ձայների տրցակը գողանալով, մյուսը նման մի տրցակ պատահաբար անվավերների ծրարից հանելով, երրորդն էլ արդեն Սերժի օգտին քվեարկածների ծրարից գտնելով: Էլ չհաշվենք, թե քանի տեղամաս ընդհանրապես չբացվեց: Չեմ ուզում գուշակել, թե իրականում ինչքան ձայն էր հավաքել նախագահը` 500 հազար, միգուցե ավելի` իմ հարցադրման համար կարևոր չէ. կարևոր եմ համարում, թե ինչքա՞ն մարդ կա նրան դեմ:
Անցած շաբաթ Արամ Աբրահամյանի հերթական մի գլուխգործոցում լավ միտք կար. Սերժի իրական ընտրազանգվածը երբեք հանրահավաքի դուրս չի գա: Դրա վկայությունն էր, որ Սերժի ելույթից հետո բռնությամբ բերվածներին չարգելվեց միանալ Տեր-Պետրոսյանի հանրահավաքին, ու, ասում են, Հանրապետության հրապարակում գրեթե մարդ չէր մնացել: Լավ, համաձայնենք, որ Սերժին ընտրում են «ծանր, իրենց տեղում նստած» մարդիկ: Բայց ինչքա՞ն է նրանց թիվը: Մի՞թե բոլոր երևանցիներն են կիսում Հայլուրի կողմից «ծհարցազրուցված» մարդկանց կարծիքները: Եթե ոչ, ապա ինչքա՞նը:
Բլոգի մասնակիցներին ունեմ խնդրանք. Ձեզնից շատերը եղել են հանրահավաքներում, ու տեղեկացված են, թե ի՞նչ մասնակցություն ու ի՞նչ որակի զանգված է ներկա եղել: Գրեք ձեր դիտարկումները, ձեր գնահատականները: Արդյո՞ք իրոք միայն ուժի վրա է հիմնված ներկայիս վարչախումբը, թե՞ կա զանգված, որը շարժման հաղթանակից հետո կգա հրապարակ ու տեր կկանգնի իր ձայնին:
